արփիին

 

սահմանը սարի հետևից ամպեր է ուղարկում գլորվելով դեպի լիճը։ սահմանը սարի հետևում թաքցնում է արևը։ սահմանը գիշեր է առանց երևակայության, որ դանդաղ սողում է դեպի տան արտաքին պատերը։ հրվում է պատերին ու հրում։ պատուհաններից կառչած։ սահմանը պատուհանը կբացեր ու ներս կնետվեր։

ամպերը մթության մեջ սկսում են դողալ ու ամպրոպել։ անձրև։ լույսերն էլ տարան։

սարի հետևում է՞լ լույս չկա։ իսկ որտեղ առաջինը լույսերն անջատվեցին, այստե՞ղ թե՞ սահմանի մյուս կողմում։ ո՞րտեղ առաջինը ամպերը գոռացին, ա՞յս մեր կողմում թե՞ այն նրանց կողմում։ իսկ ո՞րտեղ ավելի շատ մարդ վախեցավ։ իսկ ո՞րտեղ ավելի շատ մարդ մեռավ։ և ո՞րտեղ ավելի շատ, և ո՞րտեղ ավելի քիչ։

այս տարածքում կիսաքանդ տները բոլորովին տներ չեն։ նրանք մասնատված ուրվականներ են։ մեկը ուրվական մարմնի աջ կողմ է։ մեկ այլը ուրվական մարմնի ձախ կողմ։ մեկը աջի ձախը, մյուսը ձախի աջը։ իսկ որոշների աջ ու ձախ կողմերը չես ճանաչի, այնքան կամուրջի են վերածվել, այնքան ամուր են կանգնած քարե ոտնաթաթերի վրա։ շատերը ընդհամենը ոտնաթաթեր են։ ամուր կանգնած ու պատրասր երբեք չլքելու այս տարածքը, որ մարմնի բոլոր մյուս մասերով լքել են։

թանգիկը ձախ ոտքիս ամբողջ երկայնքով տարածվող երակներով հոսում է առատ, թույլ չի տալիս մոռանալ իր մասին։ ամռանը ավելի շատ կցավա, բայց ինչքան մեծանում եմ այնքան ավելի շատ կզգամ իր ներկայության ծանրությունը ոտքիս մեջ ։ գիշերը տակը բարձ կդնեմ, որ սրտիս հետ խոսա։ իսկ սիրտս, որն ընդհամենը մարմնումս կբնակվե, ինձ չի պատկանա։ նա կխոսե տատուս հետ, ով իր դուստրն է, ով ինձ իր ոտնաթաթերն է ժառանգել։  

ես ոչինչ չգիտեմ թանգիկի մասին բացի այն, որ նա փախել է վանից։

ջուրը մոտենում է ջրին։ ասում է մի մոռացիր ու կուլ է տալիս հիշողությունը։

այստեղ գրեթե հնարավոր չէ մոտենալ լճին։ կանաչ գույնի կայունությունը պատրանք է։ ամենականաչ խոտերի տակ ջուր է ու ցեխ։ քաշում է ցած։ կուլ է տալիս ներկան կուլ տված անցյալով։ ցեխերի այն կողմում, հենց ափին նստած են մեծ սպիտակ թռչուններ և ես պիտի հասնեմ նրանց։ մոտիկից տեսնեմ, համոզվեմ նրանց մեծության ու սպիտակ գույնի մեջ։

շեղվում եմ չոր ճանապարհից, քարերի վրայով գնում եմ մինչև ոտքերիս տակ էլ քար չի մնում։ ջուր է հոսում։ տեղ տեղ խոտ է, բայց գիտեմ, որ ոտքս կուլ կտա կանաչը եթե սխալ քայլ անեմ։ միևնույն է գնում եմ խրվելով ցեխերի մեջ, հույս ունենալով, որ կուլ չեն գնա տատիկիցս ժառանգած ոտնաթաթերս, փախուստս ու տեղ հասնելու ցանկությունս։

ինչքան էլ չարչարվում եմ, միևնույն է սպիտակ թռչունները հեռվում են մնում, անհասանելի, անշոշափելի։

որոշում եմ հետ դառնալ։ նոր ցեխերի մեջ են ոտքերս խրվում, նույնիսկ քարերն են մնում ցեխի տակ։ երբ այլևս շրջված չեմ դեպի լիճը, դիմացս կանգնած են կիսաքանդ տները։ կիսախավարի մեջ տան ֆանտոմ պատուհաններից նայում են ուրվականները, բայց ոչ ինձ։ նրանց հայացքները ձգվում են դեպի ջուրը։ աչքերը լցված են լճի կարոտով։ նրանք էլ իմ նման ճամփա չունեն դեպի ջուրը։ նրանք էլ իմ նման մնացել են սպիտակ թռչուններին կարոտ։  







Comments