ջրին

 

սահմանը ջրի մեջ է։ ախուրյանի ջրամբարը կիսված՝ arpaçay barajı:

կիսվածը կիսատ չէ՞։

շարժվող գնացքի պատուհանից երևում են գյուղեր ջրի երկու ափերին։ երկու կողմից էլ տներ կան, երկու կողմից էլ տներն ունեն պատուհաններ։ ո՞վքեր են ապրում այս տներում։ ո՞վքեր են նայում այս պատուհաններից։ նայո՞ւմ են նրանք արդյոք մեկը մյուիսն։

չէ՞ որ ջուրը հայելի է։

հայելու մեջ թշնամուն թշնամի է երևում։ բարեկամին՝ բարեկամ։

պատկերացնում եմ մի օր այս սահմանին, գյուղացիները թաքուն ջրին բարի խոսքեր են ասում, մոգական հեքիաթներ են պատմում ու հետո նստում, ոտքերի թաթերը ջրի մեջ թաթախված ու սպասում։ շուտով ջուրը ոտքերի թաթերին ափի մյուս կողմից այդ հեքիաթներն է փոխանցում։ և ահա մարդիկ բարի հեքիաթները ոտքերի թաթերի մեջ առած, քայլում են երկու գյուղերում ու հեքիաթները հողին հանձնում։

մի մոռացիր, որ մորթել են մեզ։ ասում է մի անցորդ, ով մոտենում է ինձ անուրջի հայկական կողմից։ 

մի ջուրը մոտենում է մյուս ջրին։ ասում է մի մոռացիր։ մյուսը կուլ է տալիս հիշողությունը, խառնում է երազը իրար։

զարթնում եմ։ աչքերս այնքան բաց են որքան երազ տեսնելիս։ սահմանը վերածվել է ժայռի՝ գնացքի երկու կողմիերից։ գլուխս թեքում եմ պատուհանից, տեսնտեմ թե որտեղ է ժայռը հպվում երկնքին։

երկինքը տեսնել այլևս հույս չի տալիս ինձ։

այստեղ ջուր չկա։

քարերը նստեցնում են հիշողությունը մարմնիս հատակին։

ջրի մեջ ես կխորտակվեի։







Comments