անօտարելիին

հիշողությունը ամրագրում է մաչիստական, սեքսիստական, շովինիստական պարտադրանքները։ կարծես միլիտրիստական ոգեշնչմամբ լցված պատումներից ու աղոթքներից բացի ոչ մի բան իրական չի եղել։ կամուֆլյաժի ռոմանտիկան լցրել է օրակարգը։ հիշողությունը հուշում է տրավմատիկ փորձառություններ։ գրում ենք, որպեսզի հեռանանք հիշողությունից ու կարողանանք փնտրել նոր ու բազմաշունչ հնարավորություններ։ գրում ենք, որովհետև կյանքի զգացողություն կա՝ մշտական և անօտարելի։ 

պատերազմը մեր ուղեղները ցրում է: պատերազմը սպանում է միտքը, ստեղծագործականությունը, երևակայությունը, կյանքի բազմազանության շուրջ պատկերացումները։ մենք չենք կարող մտածել, չենք կարող ստեղծել։ պատերազմը թողնում է մտածողության մի ձև, ապրելակերպի մի հնարավորություն։ պատերազմը անընդհատ ինքն իրեն կրկնում է ու տեղ է ման գալիս հաստատվելու մեր մարմինների մեջ։ 

ֆեմինիստական պայքարը մտածողության փոփոխությունն է հանուն կյանքի՝ կյանքով լցված ու կյանքով պայմանավորված։

տղայա-գողական կռիվ- կռիվ անելով հարց չի  լուծվելու։ պատերազմի գոտում գտնվող բնակչություններին թիրախավորելով, ռմբակոծելով ու կզցնելով հարց չի լուծվելու։ դեռ կյանք չտեսած երիտասարդ տղաներին կյանքից զրկելով հարց չի լուծվելու։ կանանց զինվոր ծնելու մեքենա դարձնելով հարց չի լուծվելու։ հողեր գրավելով ու վերագրավելով ու նորից կորցնելով ու նորից վերագրավելով հարց չի լուծվելու։ միայն կյանքեր են զոհվելու։ ո՜չ պատմականը, ո՜չ էլ ազգայնականը հարց չի լուծել և չի լուծելու։ 

անհրաժեշտ է մեր մարմիններից դուրս բերել այն տեղերը, որտեղ պատերազմը կկարողանա հայտնվել ու վերարտադրվել։ պետք է շարունակել մտածել, զգալ ու լինել։ կյանքն ավելին է քան հնարավոր է պատկերացնել։

Comments